«Հրապարակ»-ը գրում է․ Վերջին օրերին Բարձրագույն դատական խորհուրդը միանգամից երկու դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշումներ ընդունեց։ Նրանք են՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը։ Թե ինչու վեթինգի ալիքը որոշեցին սկսել հենց այս անձանցից, որոնք բարձր ռեյտինգ ունեն գործընկերների շրջանում, հին ու փորձառու դատավորներ են, չբացատրվեց։
Դեռեւս 2019-ին ակտիվորեն շրջանառվեց անհասկանալի «վեթինգ» բառը՝ որպես հին կաշառակեր դատավորներից ազատվելու գործուն միջոց։ Անցավ 3 տարի։ Նիկոլական իշխանությունը պարբերաբար հիշում է դատավորների շրջանում զտումներ կատարելու անհրաժեշտության մասին։ Առանձին գործիչներ վեթինգի իրենց մեխանիզմն էին առաջարկում։ Օրինակ՝ սկսել Մարտի 1-ի գործով դատավորների գործերը վերանայելուց։ Բայց դրա փոխարեն Մարտի 1-ի ամենավարկաբեկված դատավորը դատական համակարգում բարձր պաշտոն ստացավ։
Առանձին դատավորների լիազորություններ են դադարեցվել, սա վեթի՞նգ է։ Հարցն ուղղեցինք արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին` նրա մամուլի խոսնակի միջոցով։ Նա պատասխանեց․ «Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս վեթինգ իրականացնել: Արդարադատության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում կարգապահական վարույթներ է հարուցում` օրենքով նախատեսված սահմանված հիմքերի առկայության պարագայում, վարույթներ հարուցվում են նաեւ ՄԻԵԴ դատական ակտերի հիման վրա, եւ միջնորդություններ է ներկայացնում Բարձրագույն դատական խորհուրդ»:
Սա նախկին նախարար Կարեն Անդրեասյանի պլանն էր։ Նա էր զտումներին նոր թափ հաղորդողը։ Առաջարկվեց երեք եղանակ՝ փոխել Սահմանադրությունն ու նոր մարմին ստեղծել, որն իրականացնելու է այդ գործընթացը, օրենքով սահմանված խախտումների հիմքերով կարգապահական վարույթներ հարուցել եւ կամ գործող Սահմանադրության շրջանակներում սահմանել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ բոլոր այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած որոշումների դեմ ՄԻԵԴ-ը վճիռներ ունի եւ այլն։ Ըստ էության, ընտրվել են երկրորդ եւ երրորդ տարբերակները։ Ի՞նչ գործընթաց է սա, օրական մի դատավորի լիազորություն են դադարեցնում, ընդ որում՝ ընտրում են լավագույններին։ Մեր հարցերին պատասխանեց նախկին դատավոր Արթուր Օհանյանը, որը հեռացավ պաշտոնից 2018 թվականի մարտին՝ հեղափոխությունից մեկ ամիս առաջ։
- Արդեն 5 տարի է՝ չեք աշխատում։ Հեռվից ի՞նչ տպավորություն ունեք այն ամենի մասին, ինչ կատարվում է դատավորների հետ։
- Շատ վատ տպավորություններ։ Սխալ են անում։ Չի կարելի այդպես վարվել։ Մարդիկ տարիներով աշխատել են, եւ անիմաստ, թեթեւ, անհեթեթ պատճառներով նրանցից ազատվում են։ Կարծես դիտավորյալ են անում, չորն ու թացն իրար խառնելով, հավանաբար, հներից ազատվելու համար։ Կողքից այդպես է երեւում։
- Եթե հներից են ուզում ազատվել եւ առավել վարկաբեկվածներին են հանում, այդ դեպքում ինչո՞ւ են առաջինը Սուրեն Անտոնյանից ազատվում, իսկ Մնացական Մարտիրոսյանին նշանակում Երեւանի քրեական դատարանի նախագահ։
- Դուք էլ լավ հասկանում եք, թե ինչ են անում։ Անտոնյան Սուրենը համեստ, սկզբունքային անձնավորություն է։ Եթե մեկը շփվել է նրա հետ, գիտի։ Թող էն մյուս կողմերը նայեն։ Տարիներով գործեր են քննում, գործերը շպրտում են էս կողմ, էն կողմ։ Դատական ակտը կայացնում են, մարդիկ ամիսներով չեն ստանում։ Լավ աշխատած դատավորներ կան, որոնց անիմաստ, առանց բողոքի թիրախավորել են։ Սուքոյանն էլ կարգին, պարկեշտ անձնավորություն է, կրթված, ոչ բոլոր դատավորները կարող են պարծենալ գրագիտության այդ աստիճանով։ Ես իմացա, որ երբ նրա հարցն էր որոշվում, նա հիվանդանոցում էր, առողջական խնդիրներով։ Ու դա հաշվի չեն առել։
- Նպատակը ո՞րն է։
- Նպատակը, հավանաբար, տեղ ազատելը, իրենց մարդկանց դնելն է։ Դուք էլ եք տեսնում, թե ում են նշանակում։ Կարո՞ղ է մարդը, որը կյանք չի տեսել, դատավոր աշխատել, ճակատագիր որոշել։ 30 տարեկանում եմ ես դատավոր նշանակվել, այն ժամանակ ամենաերիտասարդ դատավորն էի, 95-96 թվերն էին։ 10 տարի աշխատում էի դատախազությունում, քննիչ, օգնական, դատախազի տեղակալ, բայց էլի ինչ-որ վախ կար մեջս՝ մարդկային ճակատագրեր որոշելուց։ Մտածում էի` ոնց պետք է վարվել այս կամ այն մարդու հետ, ոնց պետք է դատական ակտ կայացնել։ Գիշերները չէի քնում։ Երբ դատավոր էի դառնալու, Արդարադատության խորհրդում ինձ հարցեր էին տալիս, ասացին՝ ե՞րբ եք խոսք տալիս ամուսնանալ, դեռ ամուսնացած չէի, ասացի՝ մեկ տարվա մեջ կամուսնանամ, ու, իրոք, ամուսնացա մի տարի չանցած։ Պետք է դատավորը դրա միջով էլ անցած լինի, դա էլ է կյանքի կարեւոր փորձառություն։ Իսկ այսօր… սխալ է, էլի։
- Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ ԲԴԽ նախագահը եւ արդարադատության նախարարը մոտ ընկերներ են, մեկը մյուսին չեն հավասարակշռում, հակառակը` պասերով, պլանավորված, միասին են գործում։ Մի ընկերը վարույթ է հարուցում, մյուսը` բավարարում, միակողմանի քննությամբ։
- Ի՞նչ միակողմանի։ Նրանք, կարելի է ասել, մի ընտանիք են։ Միասին նստում են մի տեղ, խաշ ուտում մի քանի հոգով, մտածում` ինչ անեն, ինչ չանեն։
- Վեթինգի մասին ի՞նչ կասեք, դա ի՞նչ գործընթաց է, ի վերջո։
- Ես չգիտեմ, ինձ թվում է, դա արհեստածին մի բան է։ Պետք է մի հատ վեթինգ անես, ասես՝ էսինչ խումբն իրավունք չունի դատավոր աշխատել։ Ի՞նչն է խանգարում, որ մշտապես բարեվարքության կանոնները ստուգեն ու չթողնեն աշխատի։ Եթե նա արժանի չէր, ինչո՞ւ եք թողնում, որ մի տարի կամ երկու տարի աշխատի։
- Նվաստացնող չէ՞ «դատավորների վեթինգ» արտահայտությունը, որն արդեն չորրորդ տարին է՝ լսում ենք, ոնց որ մասնագիտական խտրականության նման մի բան լինի, մասնագիտական սկզբունքով զտում։
- Ես 23-24 տարի դատավոր եմ աշխատել, 96 թվականի հունվարի 12-ից։ Այն ժամանակ սարսափելի բաներ էին կատարվում։ Շատ կամակոր եմ եղել, իմ ասածն եմ արել, չեմ սիրել, որ ինձ մի բան ասեն սկզբունքային հարցերում։ Եթե նույնիսկ փորձել են կողքից մոտենալ, ակնարկել, ինչ-որ բան ասել, բացատրում էիր, որ այդպես չի լինի, օրենքը սա է պահանջում, որ Եվրադատարան կա եւ այլն, ասում էին՝ լավ, օրենքով արեք։ 2000-ական թվականներին դատավորներն անկախության առումով շատ առաջ գնացին։ Դատական իշխանությունը պոկվել էր դատախազությունից ու բարձրացել էր, իշխանություն էր դարձել։ Մենք մերն էինք ասում, դատախազությունը՝ իրենը։ Դատաիրավական բարեփոխումներն արդյունավետ էին։
- Ձեր գործերից հիշում եմ «Սասնա ծռերի» գործը։ Այն ժամանակ ազատվելու դիմում գրեցիք։ Ասում էին՝ առողջական պատճառներով։ Տարիներ են անցել արդեն։ Ուզում եմ հարցնել` կոնկրետ այդ գործի հետ կապվա՞ծ էր Ձեր հեռանալը։
- Որոշ չափով՝ այո։
- Հակասություն կա՞ր Ձեր մոտեցման ու նրա միջեւ, ինչը որ պահանջվում էր։
- Էդպես ուղղակի՝ չէ, բայց կային ինչ-որ պահեր… Մարդը որ դատավոր է դառնում, պետք է իր արժեքն իմանա։ Ինքը ներքուստ աճի ու կանգնի այդ բարոյական աստիճանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը